Էջմիածնի 8 «խելացի կանգառից» 2-ն է կառուցվել․ դրանք էլ թերություններով են աշխատում
2019 թ-ի սեպտեմբերի 4-ին էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ քաղաքում կառուցվելու են 6-ից 8 «խելացի կանգառ»։ Նույն տարվա նոյեմբերի 21-ին հայտարարեց, որ երկրորդ խելացի կանգառի կառուցման աշխատանքներն սկսվել են, իսկ դեկտեմբերին լուսանկարներ հրապարակեց 2-րդ կանգառի բացումից։

«Խելացի կանգառների» նախաձեռնությունը եղել է քաղաքապետարանի կողմից, և մասնավոր հատվածի ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ քաղաքային բյուջեից որևէ գումար դրանց կառուցման համար չի հատկացվելու: Այսինքն՝ քաղաքապետարանը երկարաժամկետ պայմանագրով հատկացնելու է միայն տարածքը, իսկ կառուցման ծախսերը հոգալու է մասնավոր ընկերությունը»,- հայտարարել էր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
2020 թ-ի հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքի 2704 ամյակին առաջին «խելացի կանգառը» հանձնվեց շահագործման Մ․ Մաշտոց 28 հասցեում։ Նույն թվականի դեկտեմբերի 30-ին բացվեց քաղաքի երկրորդ խելացի կանգառը արդեն Մ․Մաշտոցի 6 հասցեում։ Կանգառները լիարժեք աշխատում էին մինչև 2020 թվականի՝ Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային ռեժիմը։ Այժմ կանգառները չեն աշխատում կամ աշխատում են մասամբ։ Բացի այդ նախատեսված է եղել Էջմիածնում մինչև մեկ տարվա ընթացքում կառուցել նմանատիպ 6-8 կանգառ։

«Խելացի կանգառները» պետք է հագեցված լինեին օդափոխության համակարգով, էլեկտրական սարքեր լիցքավորելու հնարավորություն ունենային, նախատեսված էր անվճար «Wi-Fi» կապ: Կանգառները պետք է ունենային տեղեկատվական հարթակ երթուղայինների ժամանման վերաբերյալ, անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար։ Բացի այդ կանգառներում տեղադրվելու էր բանկոմատ, վճարային տերմինալ, վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար։ Ինչպես նաև աղբի տեսակավորման աղբամաններ էին նախատեսվում, իսկ կանգառների վրա գովազդային հարթակներ պետք է տեղադրվեին։

2021 թվականի մայիսին կատարվել է զննում թե ինչպես են աշխատում հոգևոր կենտրոնի սմարթ կանգառները։ Աշխատանքների արդյունքում պարզվեց, որ երկու սմարթ կանգառներում չեն աշխատում այն նոր տեխնոլոգիական սարքավորումները, որոնք հարմարեցված էին քաղաքի նոր տրանպորտային փոխադրամիջոցներին։ Իսկ ինչ վերաբերում է 6-ից 8 կանգառի կառուցմանը, դրանք առհասարակ բացակայում են, որոնք պետք է պատրաստ լինեին մեկ տարվա ընթացում։

Կանգառներում մեր կողմից արձանագրված թերություններն ու անսարքությունները ստորև․
  • Երկու հասցեներում էլ անջատված են կամ ունեն ծրագրային անսարքություններ այն հատուկ սարքերը, որոնք հնարավորություն են տալիս հետևել քաղաքացուն հետաքրքրող տրանսպորտի ընթացքին
  • Երկու կանգառներում բացակայում են վենդորային սարքերը ՝ նախատեսված սուրճի և քաղցրավենիքի համար
  • Մաշտոց 28 հասցեում բացակայում են բանկոմատը և վճարային տերմինալը, իսկ Մաշտոց 6 հասցեում առկա է միայն Telcell վճարային տերմինալ։
  • Մաշտոց 6 հասցեում անսարք են հեռախոսների մարտկոցի լիցքավորման համար նախատեսված վարդակները
  • Եվ՛ Մաշտոց 6-ում, և՛ 28-ում անջատված են օդափոխիչները
  • Երկու կանգառներում անջատված են էկրանները
  • Մաշտոց 28-ի Wi-Fi համակարգի ինտերնետը հասանելիությունը մշտական չէ
  • Սանիտարահիգենիկ պայմանների բացակայության խնդիրը առկա է երկու հասցեներում էլ։

Կանգառներում արձանագրված իրավիճակը՝ ստորև տեսանյութերում
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարվեց կանգառների մասնակի կառուցման և կառուցվածներում առկա թերությունների վերաբերյալ մեր բանավոր հարցերին պատասխանելուց։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Դիանա Գասպարյանը հայտնել է, որ մյուս կանգառների կառուցումը ժամանակավորապես դադարեցվել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ և հետագայում հայտարարված ռազմական դրությամբ։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տաղավարները պատկանում են մասնավոր կազմակերպությանը և սպասարկվում են վերջինիս կողմից։ Տաղավարներում տեղ գտած անսարքությունները ևս վերականգնվում են նշված կազմակերպության կողմից»,- հայտնել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Խելացի կանգառ 1» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Մնացական Աղաբաբյանն էլ մեր հարցերին ի պատասխան հայտնել է, որ կանգառները համայնքային սեփականություն են։ Ընկերությունն իր ներդրումներն ակնկալում է ետ ստանալ 5-7 տարի անց, որից հետո նոր ակնկալում է շահույթ ստանալ։

Ուսումնասիրելով Էջմիածին համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները պարզեցինք, որ քաղաքի Մաշտոցի փողոցում «Խելացի կանգառ 1» ՍՊԸ-ին 10 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով կանգառի 5 տարածք են տրամադրել։ Տարեկան վարձավճարն էլ սահմանվել է 1քմ-ի համար 2000 դրամ։
Հեղինակ՝ Լյուսինէ Առաքելյան
Խմբագիր՝ Տիրայր Մուրադյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website