Արմավիրի մարզի մի քանի համայնքի զարգացման ծրագրերում բացակայում է զարգացման ծրագիրը
Յուրաքանչյուր համայնքի ղեկավար, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82–րդ հոդվածի, մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և իր լիազորությունները ստանձնելու օրվանից հետո` չորս ամսվա ընթացքում, ներկայացնում ավագանու հաստատմանը:

Հասկանալի է, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ զարգացման հնգամյա ծրագրերը ենթակա են փոփոխությունների, սակայն երբեմն համայնքապետերն ու ավագանին զարգացման նախորդ ծրագիրը չնչին փոփոխություններով վերահրապարակում են: Մինչդեռ ամեն անգամ պետք է կազմվի նոր` տվյալ ժամանակահատվածում բնակավայրի խնդիրներին հստակ լուծումներ առաջարկող ծրագիր:

Հաշվի առնելով նշված խնդիրները և դրանց ծավալը համեմատել ենք Արմավիրի մարզի Դալարիկ, Արևադաշտ, Նորապատ և Ֆերիկ համայնքների զարգացման հին և նոր ծրագրերը: Փորձել ենք պարզել՝ զարգացման ծրագրերում կա՞ն արդյոք զարգացման ծրագրեր։

Արևադաշտ


Համեմատել ենք Արմավիրի Արևադաշտ համայնքի 2015-2018թթ. և 2017-2021թթ. զարգացման ծրագրերը: Զարգացման հին ծրագրի ծավալը բավականին քիչ է` 15 էջ, նորն ավելի ընդլայնված է` 38 էջ: Զարգացման նոր ծրագիրը սկսվում է համայնքի ղեկավարի ողջույնի խոսքով:

Զարգացման երկու ծրագրերի սկզբում էլ համայնքի իրավիճակի նկարագրությունն է, որն ամբողջությամբ նույնն է` հիմնադրման տարեթիվ, համայնքի զբաղեցրած տարածք, հեռավորությունը մայրաքաղաքից և այլն:

Զարգացման ծրագրերում նաև ներկայացնում են ժողովրդագրական պատկերը: Թվերը տարբեր են, զարգացման հին ծրագրում բնակչության թիվը 398 է, նորում` 409: Սակայն նոր ծրագրում նշված է, որ տվյալները 2016թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ են: Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքի տվյալներով էլ գյուղի բնակիչների թիվը նշված է 450:

Հետաքրքիր է, որ առանձնատների թիվը հին ծրագրում 11 է, նորում` 9, իսկ կիսակառույց առանձնատների թիվը հին ծրագրում` 9, նորում` 11: Սովորաբար առանձնատների թիվը տարեցտարի ավելանում է, մինչդեռ այս դեպքում հակառակ պատկերն է։
Ամեն դեպքում, եթե փորձենք կենտրոնանալ ոչ թե գյուղի նկարագրության տվյալների վրա, որոնք թեև կարևոր են, սակայն գլխավոր խնդիրը չեն զարգացման ծրագրերում, կարելի է փաստել, որ համայնքի զարգացման հին ծրագրում չկա հենց զարգացման ծրագիրը:


Կարդալով 10 էջ գյուղի մասին` մինչև համայնքի ֆինանսական նկարագրությանը հասնելը, չենք տեսնում, թե զարգացման հին ծրագրով ինչե՞ր էին նախատեսում անել: Ներկայացվում է խնդիրը, օրինակ` Արևադաշտ գյուղական համայնքում չկան առևտրի կետեր, սակայն չի ներկայացվում, թե այդ ուղղությամբ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկելու: Համայնքի թույլ կողմեր բաժնում նշվում են ներհամայնքային ճանապարհների, փողոցների վատ վիճակը, գործազրկության մակարդակը և այլն, սակայն այդ խնդիրները լուծելու ծրագրեր նույնպես ներկայացված չեն:

Այսինքն, սա զարգացման ծրագիր է առանց զարգացման ծրագրի: Եվ եթե այն բացակայում է, ինչպե՞ս հինգ տարի անց պետք է համեմատել և հասկանալ` ո՞ր խնդիրներն են լուծվել, որոնք` ոչ, ի վերջո` ի՞նչ աշխատանքներ են արվել այդ չորս տարիների ընթացքում:


Ի տարբերություն զարգացման հին ծրագրի, նորում առանձին բաժնով` «Նպատակների սահմանում և գործողությունների պլանավորում», անդրադարձ կա հենց զարգացման ծրագրերին: Այսինքն, ներկայացվում են համայնքի զարգացման տեսլականը, համայնքի կայուն զարգացման ցուցանիշների կանխատեսվող արժեքները հինգ տարիների համար, համայնքի զարգացման անմիջական նպատակները:

Դալարիկ


Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի 2016-2019թթ. քառամյա և 2017-2021թթ. զարգացման հնգամյա ծրագրերն ենք համեմատել: Կարելի է ասել, որ հիմնականում նույն պատկերն է, ինչ Արևադաշտի զարգացման ծրագրերում էր: Հինը կարճ, առանց բուն զարգացման ծրագրի, նորը` զարգացման տեսլականով, բայց նաև հիմնականում հնից արտատպումով:

Դալարիկ գյուղի հիմադրման օրվա վերաբերյալ համայնքում կարծես թե չեն կողմնորոշվել: Զարգացման հին ծրագրում նշված է 1902թ., նորում` 1903թ., իսկ Վիքիպեդիան ասում է` 1901թ.։ Արմավիրի մարզպետարանի կայքում հիմնադրման թիվը նույնպես 1901թ․ է: Գյուղի զարգացման հետ այս տվյալը գուցե անմիջական առնչություն չունի, սակայն փաստաթղթերում, որոնք անմիջապես ներկայացնում են տվյալ գյուղը, չճշտված ինֆորմացիա գրելն այնքան էլ պատշաճ չէ։

Ժողովրդագրական տվյալները զարգացման նոր ծրագրում թողնված են հինը, օրինակ` բնակչության թիվը երկուսում էլ 4385 է, չնայած որ նշված է` տվյալները 31.12.2016թ. դրությամբ: Դպրոցի աշակերտների թիվը երկուսում էլ 450 է և, եթե բնակչության թիվը այդ զարգացման նոր ծրագիրը գրելիս հաշվելը գուցե բարդ է եղել, կարելի էր ճշտել դպրոցի երեխաների նոր թիվը, կամ մանկապարտեզ հաճախողներինը, որ երկու պարագայում էլ գրված է 60:

Կրկին բաց թողնելով վիճակագրական տվյալները, որտեղ, բացթողումներ կան, անդրադառնանք հենց բուն զարգացման ծրագրին:

Զարգացման հին ծրագրի մեջ մի քանի տողով առանձնացված է «Համայնքի տեսլականը սահմանումը»:
Զարգացման նոր ծրագրում գյուղին առնչվող յուրաքանչյուր ոլորտի մասին կարճ նկարագրություն տալուց հետո նաև ներկայացվում են այդ ոլորտում առկա հիմնախնդիրները: Օրինակ, եթե գրվում է` «Գովազդ, առևտուր և սպասարկում», ներկայացվում է, որ համայնքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի օբյեկտների ընդհանուր թիվը կազմում է 16, ներքևում նաև նշվում են հիմնախնդիրները` համայնքի փողոցներում տեղակայված կրպակների ոչ հրապուրիչ և անբարեկարգ վիճակ և այլն: Յուրաքանչյուր ոլորտի հիմնախնդիրները մատնանշելը կարող է ենթադրել նաև դրանց հետագա լուծումների ուղղությամբ հնարավոր քայլեր ձեռնարկել:

Ի տարբերություն զարգացման հին ծրագրի, նորում բավականին ընդլայնված և հստակ կետերով և առանձին ներկայացված են առաջիկա հինգ տարիներին համայնքի հիմնական ծրագրերն ու նպատակները:

Նորապատ


Համեմատել ենք Արմավիրի մարզի Նորապատ համայնքի 2016-2020 թթ. և 2017-2021 թթ. զարգացման ծրագրերը: Արդեն իսկ տարեթվերը փաստում են, որ այստեղ առկա է խնդիր: Նորապատ համայնքում համայնքապետի ընտրությունները տեղի են ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 8-ին հետևաբար զարգացման ծրագիրը պետք է նախատեսված լիներ 2020-2025 թթ.-ի համար, բայց Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված էր 2017-2021 թթ.-ի զարգացման ծրագիրը, այստեղ առաջանում է, թերևս, ամենակարևոր հարցը, ինչո՞ւ չկա համայնքի զարգացման նոր ծրագիր:

Զանգահարեցինք Նորապատ համայնքի աշխատակազմի քարտուղար Մարատ Հովհաննիսյանին և անձամբ հարցրինք զարգացման ծրագրի բացակայության պատճառների մասին, նա պատասխանեց, որ համայնքապետի ընտրությունից հետո նրանք չեն կարողացել անցկացնել հանրային քննարկում, հրավիրել ավագանու նիստ, ինչին հետևել է կորոնավիրուսը և պատերազմը, բայց հավաստիացրեց, որ այժմ գրվում է նոր ծրագիրը և առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվի:

Ընդունելով արձանագրված փաստն, այնուհանդերձ, ուսումնասիրեցինք նշված թվականների զարգացման ծրագրերը:
Հին ծրագրում առկա չէ բովանդակությունը` կառուցվածքային մասով, ինֆորմացիան` համայնքի միջով անցնող միջպետական Մ-5 մայրուղու մասին բացակայում է։ Բնակչության առկա թվաքանակը (2036 մարդ ) երկու ծրագրերում էլ նույնն էին, այսինքն տվյալները 2016 թ.-ի դրությամբ էին և չէին թարմացվել, այնինչ մարզպետարանի էջում նշված է 2295 մարդ:

Հին ծրագրում առկա չէ համայնքի բնակչության բաշխվածությունը ըստ ազգային պատկանելիության, իսկ նոր ծրագրում առկա է համայնքի բնակչության բաշխվածությունը ըստ ազգային պատկանելիության՝ 1868 հայ, 3 ռուս, 165 եզդի։

Հին ծրագրում բովանդակային առումով քիչ են հասկացված համայնքի ուժեղ և թույլ կողմերը, իսկ նոր ծրագրիում հստակ է սահմանված ուժեղ և թույլ կողմերը: Հին ծրագրում համայնքում նախատեսվող կոնկրետ ծրագրերի կատարման մասին տեղեկություններ չկան, իսկ նորում ծրագրի անձնագրերը ֆինանսական հաշվետվությամբ առկա են:

Ֆերիկ



Նույն իրավիճակը Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում է։ Համայնքապետի ընտրությունները տեղի են ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 8-ին, հետևաբար զարգացման ծրագիրը պետք է նախատեսված լիներ 2020-2025 թթ.-ի համար, բայց Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված է 2017-2021 թթ.- զարգացման ծրագիրը։ Ընդ որում, հին ծրագրի ավագանու որոշումը ընդունվել է 2016 թ. մայիսի 23-ին, իսկ նորինը 2016 թ. դեկտեմբերի 28-ին: Բնակչության թվաքանակը նույնն է` 313 մարդ, սակայն հին ծրագրում կանանց թիվը 169 է, տղամարդկանցը՝ 144, իսկ նորում հակառակն է գրված` 169 տղամարդ, 144 կին:
Հետաքրքիր է, որ միայն ավելացել էր ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների քանակը` նախկինի 12-ի փոխարեն նորում 13 է։ Նոր ծրագրում հստակ նշված են առաջիկա 5 տարիներին համայնքի հիմնական ծրագրերը, իսկ հին ծրագրում՝ ոչ:

Ամբողջացնելով վերը շարադրվածը կարող ենք արձանագրել, որ պատահականությամբ ընտրված 4 համայնքի զարգացման ծրագրերի համեմատությունն ու դրանցում տեղ գտած փաստերի ստուգումը ցույց են տալիս, որ համայնքների զարգացման ծրագրերը բովանդակային առումով զարգացման ծրագրեր չեն։ Դրանցում տեղ գտած թվերն էլ՝ ոչ ճշգրիտ։
Հեղինակներ՝ Քրիստինե Մկրտչյան և Անի Հարությունյան
Խմբագիր՝ Տիրայր Մուրադյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website