Ծառայողական մեքենան փաստացի Աշոտ Ղահրամանյանին, իսկ ոչ փաստացի օգտագործումը Համբարձում Մաթեւոսյանին

Աշոտ Ղահրամանյանն Արմավիրի մարզպետի պաշտոնը թողեց 2018թ-ին, սակայն մարզպետարանի կայքէջում դեռեւս պահպանված են նրա հաստատմամբ որոշումները, որոնք պետք է փոփոխված լինեին նրան հաջորդած Գագիկ Միրիջանյանի, ապա Համբարձում Մաթեւոսյանի ղեկավարման ընթացքում։
Կառավարության 2005թ-ի «194-Ն» որոշմամբ հաստատվել է պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման կարգը։ Որոշման 2-րդ կետի համաձայն ծառայողական ավտոմեքենա են համարվում`

ա) պետական մարմինների պաշտոնատար անձանց սպասարկման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաները, որոնք հատկացված են պաշտոնատար անձանց` նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում տրանսպորտային սպասարկման նպատակով օգտագործելու համար.

Նույն որոշման 6-րդ կետում նշված է․ ՀՀ մարզպետարանները սպասարկելու համար յուրաքանչյուր մարզպետարանին հատկացվում է 2-ական ծառայողական ավտոմեքենա:

Արմավիրի մարզպետարանի ծառայողական մեքենաների ամրացման մասին որոշումը փորձեցինք գտնել Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջում։

Կայքէջի «Տեղեկատվական կենտրոն» բաժնում գտնում ենք ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների ամրացումներ իրականացնելու եւ ՀՀ Արմավիրի մարզպետի 2013 թ-ի, մարտի 1-ի N 36 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին տեղեկությունը։
Այս որոշմամբ ներկայացված է 7 ծառայողական մեքենա եւ որոշումը փոփոխել եւ հաստատել է Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը․ որոշումը թվագրված է 2016թ-ի մայիս 4-ով։

Հարկ է նշել, որ 2018թ-ից հետո, Արմավիրում մարզպետ է նշանակվել նախ Գագիկ Միրիջանյանը, ապա՝ Համաբարձում Մաթեւոսյանը եւ հեղափոխությունից հետո ո՛չ առաջին մարզպետի եւ ո՛չ էլ երկրորդի ղեկավարման ընթացքում, այս որոշումները չեն փոփոխվել կամ նորերը հաստատվել։ Արմավիրի մարզպետարանի կայքէջում, այդ առիթով որեւէ փոփոխություն, տեղեկություն առկա չէ։

Որպեսզի պարզենք, թե ներկայումս քանի՞ ծառայողական մեքենա կա Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված եւ ո՞ւմ կամ ո՞ր բաժիններին է տրամադրված եւ ի՞նչ մեքենաներ են, Արմավիրի մարզպետին ուղղեցինք տեղեկատվության գրավոր հարցում։
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մարզպետարանի հաշվեկշռում գտնվում են թվով 4 ծառայողական մեքենաներ, որոնցից մեկը սպասարկում է Արմավիրի մարզպետին, իսկ մյուս 3-ը հերթապահ ավտոմեքենաներ են, որոնք ունեն իրենց պատասխանատու անձինք։ Պատասխանի ավարտում նշվում է, որ հերթապահ ավտոմեքենաները որեւէ վարչության կամ բաժնի տրամադրված չեն։


Մարզպետարանի ներկայացրած ավտոմեքենաների պետհամարանիշերի եւ մակնիշների նշումից պարզ է դառնում, որ միայն մարզպետի ծառայողական ավտոմեքենան է մնացել անփոփոխ՝ Տոյոտա LC 055 LL 55, մյուսները փոխարինված են նոր մակնիշով եւ նոր պետհամարանիշերով։ Ակնհայտ է, որ Տոյոտա LC 055 LL 55 մակնիշի մեքենան որպես ծառայողական մեքենա ամրացված է նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օգտագործման համար, սակայն այն այժմ օգտագործում է Համբարձում Մաթեւոսյանը։
Հեղինակ՝ Սուսաննա Մատինյան
Խմբագիր՝ Տիրայր Մուրադյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website