Արմավիրի քաղաքապետարանի կայքում հրապարակված տվյալների մի մասը թերի են
ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքն ամրագրում է․ 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը։ Նշվում է նաեւ, թե համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ առնվազն ինչ է պետք հրապարակել, որոնցից է՝ համայնքում առկա համայնքային կառույցների (կրթական, մշակութային եւ այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ) եւ (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)։

Ստուգելու համար, թե որքանով է ՏԻՄ օրենքի վերոնշյալ մասն ապահովված Արմավիրի քաղաքապետարանի կայքէջում, նախ այցելեցինք «armavircity.am» կայքէջ։

Կայքէջի առաջին «Համայք» բաժնի «Համայնքային կազմակերպություններ» ենթաբաժնում հանդիպում ենք «Այլ կազմակերպություններ», «Մշակութային եւ կրթամշակությաին կազմակերպություններ», «Նախադպրոցական կրթական հաստատություններ տողերը»։ Դրանք ակտիվ տողեր են, սակայն բացակայում են այն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք ենթակա են հրապարակման։

Նշենք, որ Արմավիր քաղաքում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ) թիվը 23 է, որոնցից մեկն ունի եւս 2 մասնաճյուղ (Արմավիրի քաղաքապետարանի գրադարան), սակայն կայքէջի վերոնշյալ բաժններում առկա են ընդամենը հետեւյալ տեղեկությունները․

Այլ Կազմակերպություններ՝ Արմավիրի քաղաքապետարանի մշկայութի տուն ՀՈԱԿ, նշված են միայն հասցեն եւ աշխատանքային օրերը․
Մշակութային եւ կրթամշակությաին՝ Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց ՀՈԱԿ, որտեղ եւս նշված է միայն հասցեն եւ աշխատանքային օրերը․
Նախադպրոցական կրթական հաստատություններ՝ Արմավիրի քաղաքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ, նախորդ երկու տողերից ոչնչով չտարբերվող։
Փորձեցինք բացել նաեւ Մանկապարտեզներ բաժինը, որտեղ նշված է՝ հասցե, հեռ․ համար,աշխատանքային օրերն ու ժամերը։ Այս բաժնում, ըստ երեւույթին, փորձ է արվել տեղադրել համապարփակ ինֆորմացիա՝ գործող խմբերի, հաճախող եւ հերթագրված երեխաների թվի մասին, սակայն այդ տողերի դիմաց դրված է զրո նշանը, ինչը եւս վկայում է, որ պատշաճ կերպով տեղեկությունները լրացված չեն։

Նշենք, որ համայնքապետարանի կայքէջում, մեկ այլ ֆայլով, ամբողջական հրապարակված էր համայնքային կազմակերպությունների պաշտոնատար անձանց մասին տեղեկություններ։ Դրանում կային անուն-ազգանուններ, աշխատանքային եւ անձնական հեռ․ համարներ, ՀՈԱԿ-ների գտնվելու վայր՝ հասցեներ, սակայն այդ ցուցակում առկա էին անճշտություններ՝ 23-րդ եւ 24-րդ տողերում։ Փաստացի «Ջրամատակարարման» ՀՈԱԿ-ի տնօրենն է Արման Խաչատրյանը, ցուցակում նշված է՝ Մանվել Ֆիդանյան, իսկ «Բարեկարգում տնօրինություն» ՀՈԱԿ-ի տնօրենը ոչ թե Լեւոն Գրիգորյանն է, այլ՝ Արման Խաչատրյանը։

Լիարժեք ինֆորմացիա ստանալու եւ ցուցակում առկա անճշտությունները ստուգելու նպատակով, Արմավիրի քաղաքապետարան դիմեցինք տեղեկատվության ստանալու հարցմամբ։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ համայնքում ՀՈԱԿ-ների թիվը 22-ն է, քանի որ Թիվ 12 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Դադարեցնելու պատճառն էլ քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն ԲԲԸ-ի եզրակացությունն է եղել։ Արմավիրի քաղաքապետարանից մեզ ներկայացվեց համայնքային կազմակերպությունների պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկությունը՝ կից ֆայլով։

Հատկանշական է, որ մինչ կստանանք մեր հարցման պաշտոնական պատասխանը, համայնքապետարանի կայքէջում կատարվեց փոփոխություն եւ տեղադրվեց արդեն իսկ թարմացված ցուցակը․ վերջինս ուղարկվել է եւ մեզ։

Հարկ է նշել, որ թարմացում կատարվել է միայն այդ ֆայլում եւ մինչ այժմ կայքում որեւէ փոփոխություններ, ավելացում, լրացումներ իրականացված չեն։
Հեղինակ՝ Սուսաննա Մատինյան
Խմբագիր՝ Տիրայր Մուրադյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website