Տեղեկություն ստանալու համար լրագրողը կարող է դիմել տեղեկատվություն տնօրինողին գրավոր, էլեկտրոնային կամ բանավոր հարցումով: Բանավոր կամ գրավոր հարցումը պետք է ներկայացնել համապատասխան կազմակերպության ներքոնշյալ բաժիններից որևէ մեկին.
• ընդհանուր բաժին,
• տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժին/վարչություն,
• տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձին:
Էլեկտրոնային հարցում կարելի է ուղարկել.• տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքում առկա «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնի միջոցով
• էլեկտրոնային հասցեից՝ տեղեկատվություն տնօրինողի ընդհանուր պաշտոնական էլեկտրոնային հասցեին,
• կառավարության կողմից գործարկված էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակի միջոցով:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ ներդրվել է հարցումների միասնական
www.e-request.am հարթակը: Հարթակի նպատակն է քաղաքացիներին ընձեռել հնարավորություն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարցում, դիմում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին և էլեկտրոնային եղանակով ստանալ պատասխան:
Հնարավորության դեպքում պետք է դիմել գրավոր կամ էլեկտրոնային հարցմամբ: Այս կերպ, եթե հետագայում հարցումը մերժվի կամ պատասխանը ուշանա, կարելի է բողոքարկել: Պետք է պահանջել, որ գրավոր հարցումն անպայման գրանցվի և նշվի հարցման գրանցման համարը: Գրանցման համարի միջոցով հետագայում կարելի է պարզել, թե հարցումն ում է մակագրված և ով է պատասխանատու: Էլեկտրոնային հարցման դեպքում անհրաժեշտ է պահպանել հարցումն ուղարկելու փաստը հաստատող տեղեկությունները, e-request հարթակով ուղարկելու դեպքում՝ հսկիչ համարը:
Բանավոր հարցմամբ դիմող լրագրողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը, ազգանունը եւ լրատվամիջոցի անվանումը: Բանավոր հարցմամբ դիմելիս նախ պետք է պարզել, թե որ պաշտոնյան է պատասխանատու տվյալ տեղեկությունը տրամադրելու համար: Պարզելուց հետո կարելի է անմիջապես դիմել նրան` նշելով, թե ինչ տեսքով կամ կրիչով է նախընտրելի ստանալ տեղեկությունը, տեսնել կամ կարդալ փաստաթուղթը, ստանալ դրա պատճենը` թղթի կամ այլ կրիչի վրա ամրագրված:
Գրավոր հարցումը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլապես կարող են չքննարկել:
Գրավոր և էլեկտրոնային հարցման մեջ դիմողը պարտավոր է նշել.
• անուն ազգանուն,
• քաղաքացիությունը,
• բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը):
Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի:
Ի լրումն վերոնշյալի, էլեկտրոնային հարցումը պետք է պարունակի.
•ստորագրություն (PDF ֆորմատով ուղարկելիս որպես կցորդ փաստաթուղթ)
•էլեկտրոնային թվային ստորագրություն նույնականացման քարտի միջոցով
•էլեկտրոնային փոստի հասցեն (էլեկտրոնային հարցման դեպքում) (e-request)
•ծանուցում ստանալու եղանակի մասին նշում (e-request)
Տեղեկություն տնօրինողին ուղղված հարցումները ստացման օրը, տվյալ մարմնի ներքին գործավարության կարգին համապատասխան, մուտքագրվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ և շրջանառվում:
Հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու դեպքում հարցումը կարող է վերացվել կամ դրան ընդհանրապես ընթացք չի տրվի: Գրավոր անստորագիր հարցումը ենթակա է ոչնչացման:
Տեղեկություն ստանալու հարցման մեջ պետք է հնարավորինս հստակ ձևակերպել անհրաժեշտ տեղեկությունը: Եթե պահանջում եք կոնկրետ փաստաթուղթ, ապա պետք է նշել բոլոր այն տվյալները, որ կան կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ: Հստակ ձևակերպումն անհրաժեշտ է, որպեսզի մարմինը/կազմակերպությունը ավելի հեշտությամբ կարողանա գտնել և տրամադրել պահանջած տեղեկությունը:
Գրավոր հարցումը պետք է անպայման գրանցվի և պետք է տրվի գրանցման համարը: Այն պետք է պահել: Եթե ուղարկել եք պատվիրված փոստով, պետք է պահել անդորրագիրը և մի քանի օր անց զանգահարել ու ճշտել` արդյոք մարմինը ստացե՞լ է հարցումը և որն է հարցման գրանցման համարը:
Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը, թե իրեն ինչու է անհրաժեշտ տվյալ տեղեկությունը կամ ինչպես է պատրաստվում օգտագործել այն:Որպեսզի տեղեկություն ստանալու հարցումը չմերժվի հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու հիմքով, կարելի է կիրառել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պատրաստած
հարցման նմուշը: