Կարագի շուկա. մենաշնորհ՝ դե ֆակտո՞, թե դե յուրե
Դեռ պատգամավոր եղած տարիներին մենաշնորհների դեմ պարբերաբար քննադատական ելույթներ ունեցած Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսի 1-ին արդեն վարչապետի թեկնածուի դիրքերից ԱԺ ամբիոնից հայտարարեց (45։ 38- 46:40). «Իմ ընտրվելու պարագայում հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ»: 2018-ի հուլիսի 30-ին կառավարությունում հրավիրած տնտեսական մենաշնորհների խորհրդակցության ընթացքում ևս վարչապետ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք պետք է մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք»։ Հեղափոխությունից հետո Հայաստանում մենաշնորհների վերացման մասին հայտարարություններ հնչել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Հավասար մրցակցային պայմանների ու մենաշնորհների վերացման մասին հավաստիացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խնդրին անդրադարձել է նաև էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Որոշեցինք գնալ այս հայտարարությունների հետքերով՝ պարզելու, թե վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել կարագի շուկայում։

Պետական եկամուտների կոմիտեից խնդրեցինք տրամադրել Հայաստան կարագ ներկրող ընկերությունների ցանկը՝ 2017, 2018 և 2019 թվականներին: Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացանք տվյալներ, թե որքան կարագ է ներկրվել Հայաստան 2017, 2018 և 2019 թվականներին, ինչպես նաև ուսումնասիրեցինք, թե որքան է կազմել կարագի 1 կգ-ի միջին արժեքը այդ թվականներին:

Այսպես, 2017-ին այլ երկրներից Հայաստան կարագ է ներկրել 45 կազմակերպություն։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստան է ներմուծվել 4046.3 տոննա կարագ, 1 կգ-ի միջին արժեքը կազմել է 2302.5 դրամ։

2018 թ.-ին՝ հեղափոխությունից հետո, կարագ ներկրող տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր թիվը պակասել է 1-ով։ Թվով 44 կազմակերպություն և անհատ ընդհանուր առմամբ 3979.9 տոննա ծավալով կարագ են ներկրել Հայաստան: Կարագի 1 կգ-ի միջին արժեքը բարձրացել է 245 դրամով ու կազմել 2547.4 դրամ։ Իսկ ահա 2019-ին կարագ ներկրող տնտեսվարողների ընդհանուր թիվը ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է 4-ով։ Թվով 40 կազմակերպություն և անհատ 2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ ներկրել է 2995.1 տոննա կարագ, 1 կգ-ի միջին արժեքը կազմել է 2397.7 դրամ։
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը» շարունակում է պահպանել գերիշխող դիրքը
Կարագի շուկայում երկար տարիներ տիրապետող է եղել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը:

2017-ին, երբ կարագի շուկայում գործել է թվով 45 տնտեսվարող սուբյեկտ, ՏՄՊՊՀ տվյալների համաձայն՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնաբաժինը շուկայում կազմել է 52%: Կարագի ներմուծմամբ զբաղվող թվով 44 այլ տնտեսվարող սուբյեկտները կազմել են շուկայի 40 տոկոսը, իսկ տեղական արտադրող ընկերություններին բաժին է ընկել շուկայի 8 տոկոսը։ 2018-ին, երբ շուկայում գործել է ընդհանուր թվով 44 տնտեսվարող, «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը դարձել 46%: Չնայած իշխող դիրքի 10 տոկոսային կետով նվազմանը, այդուհանդերձ, իրականացրած վերջին ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն շարունակում է զբաղեցնել գերիշխող դիրք (շուկայի 30 տոկոսից ավելին): Երկրորդ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն, ըստ հանձնաժողովի տվյալների, կարագի շուկայում 2018-ին չի եղել:
Ովքե՞ր են կարագի շուկայում խաղացողները

Կարագ ներկրողների 2018-ի ցանկում շարունակում են մնալ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, «Սաս Գրուպ» ՍՊԸ-ն (առնչություն ունի ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի հետ), «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն:

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018-ին կարագ ներկրող թվով 44 տնտեսվարողներից միայն 14-ն է նոր մուտք գործել շուկա (այդ 14 ընկերությունների անունը բացակայում է ՊԵԿ տրամադրած 2017 թվականի կարագ ներկրողների ցանկից): Կարագ ներկրող նոր ընկերութունների ցանկում է նաև «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է անմիջապես հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 22-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հիմնադիր գրված է Հրաչյա Շարոյանի անունը: Հետաքրքիր է, որ Շարոյանը բնակվում է Սամվել Ալեքսանյանի հարևանությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցում: Այս առիթով մամուլում եղել են հրապարակումներ, որ շաքարավազի շուկայում ևս հեղափոխությունից հետո ավելացել է Սամվել Ալեքսանյանի հարևանի անունը։

Պարզել թե որքան է կարագի շուկայում կազմել նոր խաղացողի՝ «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ի մասնաբաժինը, հնարավոր չէ: ՏՄՊՊՀ-ն նշում է, որ չի տիրապետում այդ տվյալին, քանի որ զբաղվում է միայն գերիշխող դիրք ունեցողների գործունեությամբ, իսկ ՊԵԿ-ը չի նշում, թե որքան ծավալով կարագ է տվյալ ընկերությունը ներկրել՝ համարելով դա առևտրային գաղտնիք:

2018 թ.-ին կարագ ներկրող ընկերությունների ցանկում ավելացել է նաև «Մեգա ֆուդ» ՍՊԸ-ն, որի տնօրենը, ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների, Արամ Խաչատրյանն է՝ նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին։ Իսկ ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի երկու որդիները այս ընկերությունում բաժնեմաս են ունեցել։

Հայտնի է, որ 2019թ.-ին ևս կարագ ներկրող ընկերությունների շարքերում են մնացել «Նոր Զովք» ՍՊԸ-ն, «Սաս Գրուպ» ՍՊԸ-ն, «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն:

2019թ.-ին, ըստ ՏՄՊՊՀ-ի, կարագի շուկայում 2018թ-ի համեմատ կենտրոնացվածության աստիճանը նվազել է՝ առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62%-ից կրճատվել է՝ կազմելով 49%: ՏՄՊՊՀ-ն մեզ հրաժարվեց տալ տեղեկատվություն, թե որ ընկերություններն են 2019 թ.-ի ընթացքում գերիշխող դիրք ունեցել շուկայում և որքա՞ն է եղել նրանց մասնաբաժինը՝ պատճառաբանելով, որ գերիշխող դիրքի ուսումնասիրություն այսուհետ անելու են միայն կոնկրետ գործի շրջանակներում, հետևաբար մենաշնորհների առումով 2019թ.-ին շուկայի ուսումնասիրություն չի եղել։ Մինչդեռ, օրինակ շաքարավազի շուկայում ՏՄՊՊՀ-ն հաշվետվության մեջ նշել էր, թե գերիշխող ընկերությունների մասնաբաժինների տոկոսային հարաբերություններն ինչպես են փոխվել 2018 և 2019 թվականներին:

Ինչպես երևում է, չնայած իշխանությունների կողմից իրականացված բազում հայտարարությունների, հեղափոխությունից հետո էական փոփոխություններ տեղի չեն ունեցել կարագի շուկայում՝ կապված մենաշնորհների հետ: Շուկայում շարունակում են կարևոր դեր խաղալ նախկին ռեժիմի հետ կապ ունեցող և նախկինում գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website