Վանաձորի երթուղայինները չվացուցակների խախտմամբ են աշխատում

Ներքաղաքային երթուղայինների խնդիրները Վանաձորում դեռ լուծված չեն։ Բազմիցս բողոքներ ենք ստացել վանաձորցիներից, որ ներքաղաքային երթուղայինները պատշաճ կերպով չեն սպասարկվում։ Հիմնականում նշվում է, որ առավոտյան և երեկոյան ժամերի շատ դժվար է երթուղային գտնելը։

Ուսումնասիրեցինք Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Ներքաղաքային երթուղիներ» բաժնում հրապարակված տվյալները, որոնք վերաբերվում են քաղաքային տրանսպորտի երթուղիներին, մեկնարկային ժամերին և համարներին։ Պատահականության սկզբունքով ընտրեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող կանգառներից մեկը, որտեղ էլ դիտարկում իրականացրինք՝ պարզելու՝ արդյոք քաղաքապետարանի կայքում հրապարակված չվացուցակները պահպանվում են։

Դիտարկումն սկսեցինք ապրիլի 24֊ին ժամը 06։50֊ից։ Առաջին երթուղայինը եկավ միայն 07։55֊ին, մինչդեռ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում նշվում է, որ այդ երթուղայինը սպասարկվում է 07։00–ից սկսած (3֊րդ համարի երթուղայինը)։
Երթուղայինի վարորդներից հետաքրքրվեցինք իրենց աշխատանքային ժամերի մասին։ 3 վարորդներից ոչ մեկի նշած ժամերը չէին համապատասխանում Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված ժամերի հետ։

Ներկայացնում ենք մեր դիտարկման ժամանակահատվածում կանգառով անցած երթուղայինների ժամերը, պետհամարանիշները և քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված չվացուցակով նախատեսված ժամերը։

Համայնքապետարանի կայքում կա մեկ այլ տեղեկատվություն, որի համաձայն 9֊րդ համարի երթուղայինն իր աշխատանքն սկսում է ժամը 07։00֊ին և ավարտում 20։00֊ին։ Այդ երթուղին արդեն բավականին երկար ժամանակ ընդհանրապես չի սպասարկվում։
Հեղինակ՝ Արեն Դալլաքյան
Խմբագիր՝ Տիրայր Մուրադյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website