Վանաձոր համայնքի ավագանին 2017 թ-ին
որոշեց քաղաքի Շիրակի խճուղում գտնվող 8.5 հա հողամասը նվիրել «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ին։ Նպատակն այն էր, որ ընկերությունը կոմպոզիտային գազաբալոնների և կարբոնի գործարան կառուցի։
Ըստ
նախնական տվյալների ընկերությունը մինչ 2019 թվականի մայիս ամիսը պլանավորում էր իրականացնել շուրջ 130 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արդյունքում մարզում կստեղծվեր մինչև 800 նոր աշխատատեղ:
2018 թ-ին կառավարությունը «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ին հարկային արտոնություն
տվեց։ 2018թ. դեկտեմբերի 22-ին՝ գործարանի բացման արարողությանը, հիմնադիրները
նշեցին, որ մինչ այդ պահը իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ-ին, երբ գործարանը կհամալրվի սարքավորումներով, արտադրողականությունը կհասցնեն օրական մինչև 1000 բալոն։ Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։
Գործարանի բացումից վեց ամիս անց գործարանը դեռևս
արտադրանք չուներ և
մարզպետի այցի ժամանակ (2019թ. մայիսի 22) վստահեցրին, որ մոտավորապես հունիսի վերջում կունենան լայնամասշտաբ արտադրանք և աշխատակիցների թիվը կհասնի 80-ի: Բայց դեռևս հոկտեմբերին խոստումները
իրականություն չէին և մնացել էին միայն օդում: 2020թ. սեպտեմբերին գործարանի գործադիր տնօրեն Արայիկ Ասրյանը Ազատությանը տված
հարցազրույցում նշել է, որ օգոստոսի 27-ին վերսկսել են աշխատանքն ընդամենը 7 աշխատողով և, որ հոկտեմբերին աշխատակիցների թիվը կարող են հասցնել մինչև 30-ի: Սակայն 2021թ ապրիլին`
մարզպետի այցի ժամանակ, ընկերության համասեփականատեր Արայիկ Ասրյանը նշեց, որ ունեն 15 աշխատող և մինչև սեպտեմբեր կդարձնեն 40 և ավելի:
Մեր հարցազրույցի ժամանակ (2021թ. մայիսի 19) գործարանի տնօրեն Արայիկ Ասրյանը նշեց, որ մինչ այս պահը կատարվել է մոտավորապես 4 միլիարդի(մոտ 7.5 միլիոն դոլար)ներդրում և ունեն 13 աշխատակից ու 6 թափուր հաստիք: Այսինքն` գործարանը այս պահին կարող է 19 աշխատակից ունենալ, ինչը, իհարկե, հեռու է խոստացված 120 աշխատատեղից, բայց ինչպես նկատում ենք գործարանում ունեն թափուր հաստիքներ:Նշենք նաև, որ ապրիլի 23-ին գազաբալոնների առաջին խմբաքանակը (981 օրինակ) արտահանվել է ՌԴ: Ասրյանը նշում է նաև, որ ՀՀ-ում մարդիկ չեն նախընտրում նոր արտադրության գազաբալոնները, որոնք անհամեմատելի էժան են վաճառվում մեր տարածքում, քան ՌԴ-ում: Երկրորդ խմբաքանակը կարտահանվի մի քանի օրվա ընթացքում: