Արևաշող համայնքի սուբվենցիոն ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են
Մինչև 2021 թվականը Լոռու մարզի Արևաշող համայնքում պետք է իրականացվեր 3 սուբվենցիոն ծրագիր։ Դրանք հաստատվել էին 2020 թվականին։

Ծրագրված էր գյուղում մանկական խաղահրապարակի կառուցում, համայնքապետարանի տանիքին ֆոտովոլտային կայանի կառուցում և «Յազիկ» թաղամասի ճանապարհների վերակառուցում։

Փորձեցինք ուսումնասիրել և պարզել՝ արդյո՞ք երեք սուբվենցիոն ծրագրերն էլ իրականացվել են։ Գրավոր հարցմամբ դիմեցինք Արևաշող համայնքի ղեկավարին, ինչպես նաև այցելեցինք ծրագրերի իրականացման վայրեր՝ տեսնելու ծրագրերի արդյունքները։

2020 թվականի հունիսի 6-ից մեկնարկել են խաղահրապարակի շինարարական աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը 6 մլն 378 հազար դրամ է, որից 2 մլն 552 հազար դրամը պետական ներդրումն է, մնացածը՝ համայնքային և մասնավոր: Կառուցվել է 45*24 մետր քառակուսի արտաքին չափերով խաղահրապարակ, անցկացվել են խողովակներ, կատարվել է նաև խճապատում, տեղադրվել են դարպասներ, նստարաններ, արհեստական խոտածածկ, տարածքը ցանկապատվել է: Ծրագրի հիմնական շահառուները «Յազիկ» թաղամասի բնակիչներն են` շուրջ 3000 մարդ: 2020 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ խաղահրապարակի պաշտոնական բացումը։

Համայնքում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է նաև վերոնշյալ թաղամաս տանող երկու փողոցները` 915 մ և 96 մ երկարությամբ (լայնությունը՝ 5մ)` հնարավորություն տալով միջհամայնքային տրանսպորտին սպասարկել նաև այդ թաղամասը:

Արևաշող համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվել է մեկ այլ ծրագիր ևս։ Համայնքապետարանի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել, որով լուսավորվել է առաջին փողոցի 11-րդ նրբանցքը։ Այդ նպատակի համար նրբանցքում լուսավորության ցանց է կառուցվել: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքն ունի լուսավորություն նոր պողպատե սյուների վրա տեղադրված 23 հատ լեդ լուսատու: 10 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայանը «Խազեր» կազմակերպության և համայնքում ստեղծվող հիմնադրամի համաֆինանսավորմամբ է իրականացվել:

Կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ նախատեսված սուբվենցիոն բոլոր ծրագրերն իրականացվել են։
Խմբագիր՝ Տիրայր Մուրադյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website