Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին հիմնանորոգվել է 2020 թվականին՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, շահագործման հանձնվել 2020 թվականի դեկտեմբերին: Այգու հիմնանորգման ծրագրում մասնավոր ներդրում չի եղել:
Ըստ Վանաձորի համայնքապետարանի կարիքների համար Վանաձոր համայնքի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու սմարթ կառուցվածքների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների կատարման գնման պայմանագրի, այգու սմարթ կառուցվածքներն են՝ սմարթ նստարանները, շախմատի քարերով հարթակը և երաժշտական գունային համակարգը՝ 8 բարձրախոսով, իսկ ըստ Վանաձորի համայնքապետարանի՝ այգու սմարթ կառուցվածքները սմարթ նստարաններն են: Ըստ այս պայմանագրի՝ այգու սմարթ կառուցվածքների ձեռքբերման և տեղադրման արժեքը կազմել է 10․5 միլիոն դրամ:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ այգու համար նախատեսված է 6 սմարթ նստարաններ տեղադրել, որոնք ամբողջությամբ կատարվել է, որից հետո 2 սմարթ նստարաններ տեղափոխվել են Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահի դիմացի պուրակ։
Սակայն մեր դիտարկման արդյունքում պարզվել է, որ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում փաստացի տեղադրված են 2 սմարթ նստարաններ, որոնցից աշխատում է միայն մեկը, ունի լիցքավորման հնարավորություն։ Պարզեցինք նաև, որ Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահի դիմացի պուրակ տեղափոխվել է ոչ թե 2 այլ 1 սմարթ նստարան, իսկ թե որտեղ են, կամ առկա են, թե ոչ մնացած 3 սմարթ նստարանները, Վանաձորի համայնքապետարանից չեն շտապում պատասխանել։ Այդ մասին մեր գրավոր հարցման համար, ըստ քաղաքապետարանի, իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ։