Սակայն աղբավայրի կառուցումից հետո խնդիրը լուծվեց մասնակիորեն, քանի որ շինարարական աղբի համար չկա հատկացված տարածք, որի պատճառով քաղաքի բնակիչները որոշ վերանորոգման աշխատանքներ կատարելուց հետո շինարարական աղբը լցնում են Դեբեդ գետի ափամերձ հատվածները։ Այս երևույթն էլ ավելի տեսանելի է Դեբեդ թաղամասին հարող տարածքում, որն էլ իր բացասական հետևանքներն է թողնում և՛գետի, և՛ շրջակա միջավայրի վրա։ Միջավայրի նման վիճակը արժանանում է նաև բնակիչների դժգոհություններին։
Ըստ ներկայիս համայնքապետ Սասուն Խեչումյանի՝ շինարարական աղբի համար նախատեսված տարածքի բացակայությունը պայմանավորված է Ալավերդի քաղաքում ազատ և հարմար տարածքի բացակայությամբ։ Քանի որ չկա հատկացված տարածք, շինարարական աղբը նույնպես տեղափոխվում է կոշտ կենցաղային աղբի համար նախատեսված աղբավայր կամ լցվում է աղբավայրին մոտ ձորակները կամ փոսորակները։
Նախորդ տարիների համեմատ համայնքապետարանը զգալի աշխատանքներ է կատարում Դեբեդ գետը և հարակից տարածքները շինարարական աղբով չաղտոտելու ուղղությամբ։ Դեբեդ թաղամասի մոտակայքում, գետի ափամերձ մի հատված` որտեղ նախկինում տեսանելի էր տեղ-տեղ աղբակույտեր, արդեն հարթեցվել է և ծածկվել հողով։ Համայնքապետի հետ զրույցի հաջորդ օրը, Դեբեդ թաղամասի երկաթուղային կամրջի ստորին հատվածը մաքրվեց ավտոմեքենաների կուտակված կմախքներից։ Այժմ քայլեր են ձեռնարկվում մյուս հատվածների մաքրման ուղղությամբ։
Համայնքապետը նշեց նաև, որ նախկինում տեղադրվել են տեսախցիկներ, որոնք արդյունավետ չեն եղել։ Չնայած նրան, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ ոք չի տուգանվել ոչ թույլատրելի հատվածներում շինարարական աղբը թափելու համար, կատարվել են բանավոր զգուշացումներ և բացատրական աշխատանքներ։