Լոռու մարզի դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը Վանաձորում առանձնատուն ունի։ Փորձեցինք պարզել՝ դատավորի աշխատավարձով հնարավո՞ր է առանձնատան սեփականատեր դառնալ։
Մինչ առանձնատան ձեռքբերման գործարքին անդրադառնալը նշենք, որ Մուշեղ Հարությունյանը 1991 թ-ից դատական համակարգում տարբեր
պաշտոններ է զբաղեցրել։ Այդ ընթացքում 2 տարի դատախազությունում է աշխատել։ Վերջին երեք տարում էլ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն էր, այժմ նույն դատարանում պարզապես դատավոր է։ Դատավորի կինը՝ Արմինե Աբաջյանը, պետական պաշտոններ չի զբաղեցրել։
Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովում առկա են դատավորի և կնոջ ունեցվածքի, եկամուտների
հայտարարագրերը։ Ուսումնասիրելով 2011–2020 թվականների հայտարարագրերը պարզեցինք, որ դատավորը Վանաձորից բացի անշարժ գույք ունի նաև Երևանում։ Մուշեղ Հարությունյանը 2020 թ-ի դրությամբ Վանաձորում ունի 1 առանձնատուն, 1 ավտոտնակ (միանձնյա), 1 հասարակական շինություն, իսկ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի։ Բացառությամբ ավտոտնակի, մյուս բոլոր գույքերը համատեղ սեփականություն են։
Դատավորի կնոջ՝ Արմինե Աբաջյանի 2020 թ-ի հայտարարագրի համաձայն, նա համատեղ սեփականության իրավունքով Վանաձորում ունի 1 առանձնատուն, 1 հասարակական շինություն, իսկ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 2 բնակարան, 2 ավտոկայանատեղի։
Եթե ամբողջացնելու լինենք, ապա դատավորն ու կինը ընդահանուր առմամբ ունեն Երևանում 2 բնակարան, 2 ավտոկայանատեղի, իսկ Վանաձորում՝ 1 առանձնատուն, 1 ավտոտնակ, 1 հասարակական շինություն։