Նախկին նոտար Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ դառնալուց հետո տարածքներ է տրամադրել նոտարներին
Լոռու մարզկենտրոն Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման տարիներին՝ 2017 թ-ից մինչ օրս, մի շարք նոտարների վարձակալությամբ են տրամադրվել համայնքային գույքեր։ Դա պարզեցինք, երբ ուսումնասիրեցինք Վանաձորի համայնքային շենք-շինությունների վարձակալության, անահատույց օգտագործման և նվիրատվության տվյալները։

Իրավաբանական կրթություն ունեցող Մամիկոն Ասլանյանը 1999 թ-ից մինչ քաղաքապետ դառնալը աշխատել է որպես նոտոր, 2 տարի էլ զբաղեցրել է «Նոտարական պալատի» նախագահի պաշտոնը։

Գրավոր հարցմամբ Վանաձորի քաղաքապետին խնդրեցինք մեզ տրամադրել 2017-2021 թթ․-ին համայնքային գույքերի հատկացման տվյալները։

2017-2021թ ապրիլ ժամանակահատվածում Վանաձորի սեփականություն հանդիսացող շենք-շինությունների վարձակալության, անհատույց օգտագործման և նվիրատվության վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունից պարզ դարձավ հետևյալը.

Վարձակալությամբ տրված տարածքներից 10-ից 6-ը նոտարական տարածքներ են, որոնցից 5-ի պայմանագրերը դեռևս ուժի մեջ են և այսօր գործում են Տիգրան Մեծի 22 հասցեում (Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքում):
Վարձակալությամբ տրված նոտարական տարծքների նոտարներն են՝

  1. Բեկչյան Ռոզա։ 2017 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար։
  2. Գալստյան Մարինե։ 2017 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար:
  3. Կիրակոսյան Անժելա։ 2008 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարդատության Նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար:
  4. Մարտիրոսյան Թագուհի։ 2014 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության Լոռու մարզի «Վանաձոր»Նոտարական տարածքի նոտար:
  5. Մխիթարյան Բաբկեն։ Այս նոտարի վերաբերյալ տվյալները բացակայում են նոտարական պալատի կայքում։

Նվիրատվությամբ հանձնված տարածքների մի մասը պետական նշանակության շինություններ կառուցելու նպատակով էին, մի մասը` բնակելի տների:
Անհատույց օգտագործման էին հանձնվել, հիմնականում, կրթական հաստատությունների, եկեղեցիների տարածքները:

Մյուս 4 տարածքներից երեքը գրասենյակային տարածքներ են, որոնք ևս գործում են: Տիգրան Մեծի 22 հասցեի նկուղային տարածքը վարձակալությամբ տրված է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի բարեկամ Սիլվա Մայիլյանին: Մեր այցի ժամանակ նկուղային հարկի դուռը փակ էր, իսկ քաղաքապետարանի պահակից չկարողացանք իմանալ, թե ինչ գործունեություն է ծավալվում տվյալ տարածքում: Պարզեցինք միայն, որ տվյալ տարածքում ժամանակին եղել է «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Ի դեպ, տարիներ առաջ այս տարածքը նորից վարձակալության է տրված եղել Սիլվա Մայիլյանին: Այժմ տարածքում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Հեղինակներ՝ Արեն Դալլաքյան, Մարինե Աքելյան
Խմբագիր՝ Տիրայր Մուրադյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website