2018-2020 թթ. աղետի գոտու մոտ 580 ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվել

2020 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հետհեղափոխական Հայաստանում աղետու գոտու բնակիչների բնակարանային խնդրի լուծմանը: Նա նշել է, որ 2018-2020 թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքի բնակարանով ապահովելու հարցը։ Այդ նպատակով հատկացվել է ավելի քան 6 մլրդ դրամ, որից միայն 2020 թվականին մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ։ 2020 թվականի հատկացումն արվել է 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:

Մամուլի խոսնակի նշած տվյալները ստուգելու նպատակով հարցում ենք կատարել Քաղաքաշինության կոմիտե։ Կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանին խնդրել ենք բացվածքով տրամադրել տեղեկատվություն գրառման մեջ նշված 570 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման վերաբերյալ՝ ըստ համայնքների և բնակիչների թվի:


Բնակարանային խնդրի լուծման վերաբերյալ տվյալները հետևյալն են.

Քաղաքաշինության կոմիտեից ստացված տվյալները ճշտելու նպատակով ներկայացված ցանկից ընտրել ենք Լոռու մարզի 4 համայնքներ (Շիրակամուտ, Լեռնապատ, Սարահարթ, Լեռնանցք), որոնց համայնքապետարաններ ուղարկել ենք հարցումներ՝ խնդրելով տրամադրել 2018-2020 թթ. բնակարանային խնդրի լուծում ստացած շահառուների ցանկը՝ ըստ խնդրի լուծման տեսակի: Ըստ Քաղաքաշինության կոմիետի տվյալների՝ Շիրակամուտ համայնքում լուծվել է 12 շահառուի բնակարանային խնդիր, Սարահարթ համայնքում` 15, Լեռնանցք համայնքում՝ 44, Լեռնապատ համայնքում՝ 104։
Շիրակամուտ համայնքից ստացված հարցման պատասխանի համաձայն՝ Շիրակամուտ համայնքում լուծվել է 11 ընտանիքի բնակարանային խնդիր՝ 3 ընտանիքի տրամադրվել է ԲԳՎ, ավարտին է հասցվել 6 ընտանիքի կիսակառույց տների շինարարություն, 2 ընտանիքի բնակարանների շինարարությունն ընթացքի մեջ է, 1 ընտանիք ցուցակից հանվել է այլ վայրում բնակարան ունենալու պատճառով։


Սարահարթ համայնքից ստացված հարցման պատասխանի համաձայն՝ Սարահարթ համայնքում լուծվել է 15 շահառուի բնակարանային խնդիր՝ 2 ընտանիքի տրամադրվել է ԲԳՎ, 1 բնակարանի կառուցումը ընթացքի մեջ է, 12 բնակարան կառուցվել է։


Լեռնանցք համայնքից ստացված հարցման պատասխանի համաձայն՝ Լեռնանցք համայնքում լուծվել է 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ ավարտին է հասցվել 19 ընտանիքի կիսակառույցի շինարարություն, 10 ընտանիքի բնակարան կառուցման փուլում է, 14 ընտանիքի տրամադրվել է ԲԳՎ, 1 ընտանիք ստացել է փոխհատուցում։

Լեռնապատ համայնքից ստացված հարցման պատասխանի համաձայն՝ Լեռնապատ համայնքում լուծվել է 104 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նախատեսված է եղել ԲԳՎ տրամադրել 57 ընտանիքի, ուղղակի ֆինանսական աջակցություն՝ 3 ընտանիքի: ԲԳՎ է տրամադրվել 52-ի ընտանիքի, 4-ը սահմանված ժամկետում բնակարան ձեռք չի բերել, 4-ին տրամադրվել է 3 մլն. դրամ: 2018 թ. բյուջեով Լեռնպատում նախատեսված է եղել 4 կիսակառույցի շինարարության ավարտ, 2019 թ. բյուջեի 1-ին փուլով 5 բնակելի տան շինարարություն և 2020 թ. բյուջեով 35 բնակելի տան շինարարություն: Համայնքապետարանից ստացված տվայլներով այս պահին ավարտին է հասցված 9 տան շինարարություն, որոնք, ըստ էության, 2018 թ. բյուջեով նախատեսված 4 կիսակառույցը և 2019 թ. բյուջեով նախատեսված 5 տներն են, իսկ 35 բնակելի տան շինարարություն այժմ ընթացքի մեջ է:


Այսպիսով, երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային ապահովման մասին Քաղաքաշինության կոմիտեից և առանձին համայնքներից ստացված տվյալները հիմնականում համապատասխանում են: Քաղաքաշինության կոմիտեի ներկայացված ցանկում թարմացված չէ Շիրակամուտ համայնքում 1 ընտանիքի բնակարանով ապահովումը չեղարկելու և Լեռնապատ համայնքում 4 ընտանիքի՝ սահմանված ժամկետում բնակարան ձեռք չբերելու մասին տեղեկատվությունը:

Այնուամենայնիվ անհասկանալի է մնում վարչապետի մամուլի խոսնակի 2020 թ. հատկացումների մասին տեղեկատվության անհմապատասխանությունը Քաղաքաշինության կոմիտեից ստացված տվայլներին: Վերջիններիս համեմատությամբ պարզ է դառնում, որ, ըստ մամուլի խոսանկի, 13-ով պակաս ընտանիքի խնդիր է լուծվել 2020 թ. ավարտական փուլում, մինչդեռ ֆինանսավորման չափը՝ 3,75 մլրդ դրամ, 383,546 հազ. դրամով ավելի է նշվում Քաղաքաշինության կոմիտեի 242 ընտանիքի համար նախատեսված գումարից (3,336,454.00 դրամ):
Հեղինակ՝ Նարինե Գալոյան
Խմբագիր՝ Տիրայր Մուրադյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website