Որտեղից է սկիզբ առնում «Fly Armenia Airways» ավիաընկերության Boeing 737-300 ինքնաթիռի «կորելու» կամ «առևանգվելու» մասին լուրերն ու ինչ շարունակություն ունեցավ այդ ինֆորմացիայի տարածումը։
Կորած, «առևանգված» ինքնաթիռի մասին առաջինը գրեց վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը։ Նրա հանրագրում մասնավորապես ասվում էր. «Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում։ Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանը շատ չուշացավ․ նույն օրը պատասխան գրառում կատարվեց, ըստ որի՝ ՔԱԿ-ը տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ։ Այս գրառումից ժամեր անց ՔԱԿ-ը կատարեց ևս մի գրառում, որտեղ նշեց, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ։
Հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին, արդեն «Fly Armenia Airways» հայտարարություն տարածեց, արձանագրելով, որ Տալլին քաղաքում օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ, որից հետո փետրվարի 12-ից 22-ը ընկած հատվածում ինքնաթիռը պիտի մեկներ Ուկրանիայի Հոստոմել օդանավակայան, սակայն անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել, և այդ առիթով Ֆլայ Արմենիա Էյրվեյզը կատարում է հետքննություն։
Ու չնայած բոլոր կողմերից կատարվում էին քննություններ, սակայն երկար ժամանակ հստակ պատասխան չէր տրվում, թե ինչ է տեղի ունեցել։
Փետրվարի 26-ին մամուլը սկսեց կրկին ակտիվ խոսել կորած ինքնաթիռի մասին. «ՀԵՏՔ»-ը պարզել էր Boeing 737-300 ինքնաթիռի թռիչքի պատմությունն ու հետագիծը, ըստ որի՝ այն նախքան Հայաստանում գրանցվելը, պատկանել է «GetJet Airlines»-ին, որը լիտվական ընկերություն է։ Այնուհետև, ըստ planefinder.net-ի, պարզվել էր, որ ինքնաթիռը վերջին թռիչքն իրականցրել է 2020 թվականի ապրիլի 6-ին, որից հետո, ըստ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքի՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, այն գրանցվել է ՀՀ օդանավերի ռեգիստրում՝ գտնվելով Տալլինում։ Ըստ Hetq.am կայքի՝ փետրվարի 19-ին ինքնաթիռը Տալլինից թռել է Վառնա, իսկ Վառնայից մեկնել Իրան, սակայն այդպիսի ուղղությամբ թռիչք նախատեսված չի եղել (նշյալ հետաքննության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ hetq.am-ում)։
Ինքնաթիռի թռիչքի հետագծերի նկարները՝ hetq.am-ից
Այս առիթով «Ամերիկայի ձայն»-ը հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, որին ի պատասխան ԱՄՆ դեսպանատունը արձագանքել էր. «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»։
Մամուլում վերսկսվեցին Բոինգ-737 օդանավի մասին խոսակցությունները մարտի 3-ին, երբ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում պատգամավորների հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ասաց, թե բանակցություններ են տարվում նույն օրը օդանավը Հայաստան վերադարձնելու նպատակով։ Փաստացի բանակցությունները ձախողվել են և փոխվարչապետի հայտարարությունն էլ իրականություն չի դարձել. ինքնաթիռը դեռ Իրանում է։ Հաջորդ օրը՝ մարտի 4-ին, ՔԱԿ-ը տարածեց հայտարարություն, որտեղ նշվում էր, թե Բոինգ-737 օդանավը վարձակալել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերությունը և օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է ավիաընկերությունը: Բացի այդ, նշվում էր այն ընթացակարգը, որով թռիչքի թույլտվություն է տվել կոմիտեն, և թե ինչպես է առանց ավիաընկերության և կոմիտեի տեղեկության Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմը փոխել սահմանված ուղղությունն ու մեկնել Իրան։ Այնուհետև ներկայացվում է, որ օդանավի՝ Իրանում վայրէջք կատարելու պատճառը եղել է տեխնիկական, իսկ ավելի կոնկրետ առկա էր վառելիքի հետ կապված խնդիրներ։ Վերջում նշվում է, որ Թեհրանի ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետներն արձանագրել են օդանավի տեխնիկական խնդիրներ, հետևաբար մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումները՝ օդանավի թռիչք իրականացնելու վերաբերյալ։
ՔԱԿ-ի հայտարարությանը անդրադարձել է նաև ավիատոր Հակոբ Ճաղարյանը, որտեղ ընդգծում է. «Օդաչուն՝ առանց ավիաընկերության կողմից նախօրոք տրված պլանի, թռիչքուղի չի ընտրում»։ Վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանի այս առիթով մյուս անդրադարձներին կարող եք ծանոթանալ իր ֆեյսբուքյան էջում։
Այս ամենից հետո էլ «ՀԵՏՔ»-ը շարունակել է անդրադառնալ «կորած» ինքնաթիռի թեմային մարտի 2-ին, մարտի 6-ին, մարտի 8-ին, մարտի 13-ին և մարտի 15-ին։ Ըստ aerotransport.org-ի, երբ օդանավը դեռ 2016-2017 թվականներին գրանցված էր Ռումինիայում Իրանի ազգային փոխադրող «Iran Air»-ը փորձել է ձեռք բերել այն, սակայն չի ստացվել։ Hetq.am-ը, հղում անելով «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվաեին, նշում է, որ ըստ լավատեղյակ աղբյուրի՝ Իրանում գտնվող ինքնաթիռը պիտի տրվի «Caspian Airlines» ավիաընկերությանը։ Ըստ վերոնշյալ աղբյուրի՝ «Caspian Airlines»-ը փորձել է ձեռք բերել ինքնաթիռը, երբ այն դեռ լիտվական «GetJet Airlines»-ի ավիապարկում էր հաշվառված։ «Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ Հայաստանում գրանցվելն ուղղակի ծխածածկույթ է եղել օդանավն Իրան տեղափոխելու գործընթացում»,- այսպիսի եզրահանգում է կատարել Hetq.am-ը։
Նկարը՝ Անջեյ Օտրեբսկին
Վերոնշյալ թռիչքից արդեն անցել է մոտ 24 օր, սակայն թե ինչ է պատահել «հայկական» գրանցում ստացած Boeing 737-300 ինքնաթիռին, դեռևս հանելուկ է մնում։ Նշենք, որ ըստ Hetq.am-ի մարտի 15-ի հրապարակման՝ ԱԱԾ-ում ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարցուվել քրեական գործ, իրականցվում է նախաքննություն։
Նմանատիպ միջազգային սկանդալները՝ հայ ավիաընկերությունների մասնակցությամբ
ԱՄՆ-ի և Իրանի բարդ հարաբերությունները խոր արմատներ ունեն. 1980-ականներից սկսած ամերիկա-իրանական դիվանագիտական հարաբերությունները խզված են։ Այդ ժամանակներից սկսած Ամերիկան պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ՝ ազդելով Իրանի տնտեսության տարբեր ոլորտների վրա։ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումն Իրանին։ Չնայած այս օրենքին՝ Իրանն առաջին անգամ չէ, որ փորձ է կատարում ձեռք բերել ամերիկյան արտադրության ինքնաթիռներ կամ ամերիկյան արտադրության ավիացիոն պահեստամասեր։ Այն ընկերությունները, որոնք օգնում են Իրանին ձեռք բերել ամերիկյան արտադրության ինքնաթիռներ կամ ամերիկյան արտադրության ավիացիոն պահեստամասեր, նրանք հայտնվում են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արդյունաբերության և անվտանգության բյուրոյի սև ցուցակում։ Հայաստանում գրանցված 5 ընկերությունները վերոնշյալ սև ցուցակում են, դրանք են. Bold Bridge International-ը, Markel Closed Joint Stock Company- ին, Vertir Airlines-ը, Veteran Avia LLC-ին, Yerevan Telecommunications Research Institute-ը։ Սրանցից երկուսը ավիաընկերություններ են, որից էլ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունը «գործիք» է Իրանի ձեռքին, որի միջոցով էլ ձեռք է բերվում ամերիկյան արտադրության ինքնաթիռներ կամ ավիացիոն պահեստամասեր։ Երկու ավիաընկերություններից մեկը «Վետերան Ավիան» է, մյուսը «Վերթիռ» ՍՊԸ-ն։ «Վետերան Ավիան» ավիաընկերության մասին Hetq.am-ը գրել է 2016 թվականին։ Պարզվում է, որ այն պատկանել է ԱՄԷ-ում ապրող հնդիկ Ջայդիփ Միրչանդանիին։ Նույն անունով ընկերություններ կան նաև այլ երկրներում և բոլորն էլ պատկանել են Ջայդիփ Միրչանդանիին։ Այնուհետև ամերիկյան ԱԱԲ-ն Միրչանդանիի ընկերությունները ներառել է «սև ցուցակի» մեջ՝ պատճառաբանելով, որ այն աջակցում է Սիրայում Ասադի ռեժիմին։ Հաջորդ ընկերության՝ «Վերթիռ» ՍՊԸ-ի մասին Hetq.am-ը գրել է 2020 թվականին։ «Վերթիռ» ՍՊԸ-ն ամերիկյան ԱԱԲ «սև ցուցակում» ընդգրկվել է 2013 թվականին, չնայած նրան, որ բաց օդանավ չի շահագործում 2011 թվականից սկսած։ Այս ընկերության սեփականատերը եղել է Կարեն Մովսիսյանը, ով ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբոր որդին է։ 2013 թվականին ԱՄՆ-ն հրապարկում է 19 ընկերությունների անուններ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել Իրանին ամերիկյան արտադրության ինքնաթիռներ կամ ավիապահեստամասեր վաճառելու մեջ. այս ընկերություններից մեկն էլ եղել է «Վերթիռ» ՍՊԸ-ն ։ Hetq.am-ը գրել է, որ «Վերթիռ» ՍՊԸ-ն ժամանակին շուրջ տասը ինքնաթիռ տեղափոխել է Իրան։ Ինչպես տեսնում ենք, հայկական երկու ավիաընկերություններ ներգրավված են եղել Իրանի խարդախ գործարքների մեջ, և գուցե «Fly Armenia Airways»–ն էլ հայկական երրորդ ավիաընկերությունն է, որը ներգրավված է նմանատիպ պատմության մեջ։