Թափառող շների խնդրի հետքերով․ Գյումրու համայնքապետարանի պարզաբանումները

Թափառող շների խնդիրը նմանվում է գլորվող ձնագնդի, որը գնալով մեծանում ու նոր թափ է հավաքում։ Չնայած շները հիմա ստերջացվում են՝ բայց բնակիչները, մասնավորապես, ծայրամասային թաղամասերում շարունակում են բողոքել՝ շներն ավելի ագրեսիվ են դարձել ու ոհմակներով հարձակվում են մարդկանց վրա:

Ստերջացված շներ էլ կան, որոնք նույնիսկ շարունակում են բազմանալ։ Ականջը դակված է ու համապատասխան պիտակը կա, որը վկայում է՝ շունը ստերջացված է, բայց ստերջացումից հետո հասցրել է նոր սերունդ տալ. նշում են բնակիչները:

Թերանու՞մ են ստերջացում իրականացնող MY VET անասնաբուժական կլինիկայի աշխատակիցները, թե՞ համայնքապետարանի վերահսկողությունն է թուլացել, փորձեցինք պարզել Գյումրու համայնքապետարան ուղարված հարցումի միջոցով:
Գյումրու համայնքապետարանը հարցմանը պատասխանեց՝ համայնքի ղեկավարի կարգադրությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն իրականացնում է ստերջացման ծառայությունը մատուցող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն: Հաղթող մասնակիցը՝ My Vet անասնաբուժական կլինիկան, վերահսկող հանձնաժողովին ներկայացնում է շաբաթական հաշվետվություն՝ բռնված և ստերջացված թափառող շների սեռի, տարբերանշանների համարների, բռնված և տարված հասցեների, նաև ահազանգերի քանակի վերաբերյալ: Վերահսկող հանձնաժողովը ժամանակ առ ժամանակ այցելում է կլինիկա՝ ստերջացման գործընթացին, վանդակներում պահվող շների քանակին և այլ աշխատանքներին հետևելու նպատակով։
Հետեւում են. արդյունք չի տալի՞ս, թե՞ լավ չեն հետեւում. պարզ չէ, բայց փաստ է, որ շները շարունակում են բազմանալ, իսկ արդեն գիշերները բնակիչները բողոքում են հանգիստ քնել չեն կարող։

Հարցվող քաղաքացիների կադրում չերևալու պատճառը իրենց ցանկությունն է: Հրաժարվում են կադրի առաջ խոսել, իրենց խոսքով՝ նմանատիպ նյութեր բազմիցս է նկարահանվել, բայց անօգուտ:
Հեղինակ՝ Հրաչ Սահակյան
Խմբագիր՝ Նելլի Ռաֆայելյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website