Շիրակի մարզի որոշ համայնքների կայքեր երբեմն ժամերով, երբեմն էլ օրերով անհասանելի են, հատկապես՝ ոչ աշխատանքային օրերին։ Որոշեցինք՝ մշտադիտարկում անել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կայքերի խափանումների ինչ-որ օրինաչափություն կա։
Մշտադիտարկման համար ընտրեցինք Շիրակի մարզի մի քանի չխոշորացված համայնք՝ Գյումրին, Ազատանը, Աշոցքը, Արթիկը, Ախուրյանը, Պեմզաշենը, Փանիկը։ 10 օր՝ հուլիսի 15-ից մինչև 24-ը ներառյալ, 10։00-ից մինչև 22։00-ն դիտարկեցինք կայքերի աշխատանքը՝ մուտք գործելով յուրաքանչյուր երկու ժամը մեկ։
Թերևս միայն Գյումրիի և Աշոցքի համայնքային կայքերն էին, որ մշտադիտարկման ժամերին հասանելի էին։ Ազատանի կայքը խափանված էր հուլիսի 16-ին, Արթիկի կայքը, մշտադիտարկման տարբեր օրերի հանրագումարով, անհասանելի էր 7 ժամ, Ախուրյանի կայքը՝ 8 ժամ, Պեմզաշենինն ու Փանիկինը՝ 2-ական ժամ։ Մշտադիտարկման ավարտից շատ հետո էլ պարզվեց, որ Արթիկի ու Ազատանի կայքերը հաճախ չեն աշխատում։