Պարտադիր հրապարակմնա ենթակա նյութերը համայնքային կայքերում

Տեղական ինքնակառավարման մասին օրենքը սահմանում է, որ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք: Համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ առնվազն պետք է առկա լինեն՝ համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած նորմատիվ իրավական ակտերը, համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի բյուջեն և այլ նյութեր:

Շիրակի մարզի Ազատան համայնքի (բնակչությունը՝ 5107) կայքում ավագանու նիստերի որոշումների բաժնում վերջին թարմացումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 23-ին:

Համայնքի ղեկավարի որոշումների բաժնում ևս վերջին թարմացումը 2021թ.-ի ապրիլ ամսին է:
Կայքից տպավորություն է ստեղծվում, որ ապրիլ ամսից համայքնում ավագանու նիստեր տեղի չեն ունեցել: Իսկ եթե եղել են, ապա դրանք պատշաճ կերպով ներկայացված չեն համայնքի կայքում:

Աշոցք (Բնակչությունը՝ 7655) համայնքի կայքում օրենքով պահանջվող հրապարակումները առկա են: Առկա են ավագանու նիստերի, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումները:

Պատկերը, սակայն, այլ է Շիրակի մարզի մյուս համայնքային կայքերում՝ հատկապես փոքր, չխոշորացված համայնքների դեպքում: Փոքր ուսումնասիրություն ենք արել Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետավան, Փոքր Մանթաշ համայնքների կայքերում, պարզելու համար՝ արդյո՞ք վերջիններիս կայքերում հրապարակումներ արվում են։ Հարկ է նաև նշել, որ չխոշորացված համայնքերի դեպքում օրնքը չի պարտադրում հրապարակել վերը նշված տեղեկությունները։ Սակայն, եթե այդ համայնքները ստեղծել են կայքեր, որոնց սպասարկման համար գումար է ծախսվում, ենթադրելի է, որ պետք է հնարավոր լինի նաև տեղեկություն ստանալ համայնքի մասին։ Այդպիսով, համայնքի բնակիչները և համայնքում ներդրումներով հետաքրքրված մարդիկ հնարավորություն կունենան անհրաժեշտ տեղեկություններ ստանալ։ Մյուս կողմից, դա կապահովի համայնքի թափանցիկ և հաշվետու կառավարումը։


Գեղանիստ համայնքի կայքը գրեթե դատարկ է: Տպավորություն է, որ համայնքի ավագանին որոշումներ չի կայացնում։ Համայնքի ղեկավարի որոշումներից հրապարակված է միայն 2021 թվականի օգոստոսի 4-ի որոշումը՝ Շիրակի մարզի Գեղանիստի համայնքապետարանի աշխատակազմի «Համայնքային ծառայության ատեստավորման» հանձնաժողովում փոփոխություններ կատարելու մասին: Մնացած որոշումները բացակայում են: Համայնքի բյուջեի բաժինը ևս դատարկ է: Բյուջեի կատարողականները դիտելու հնարավորություն չկա, քանի որ կայքը թույլ չի տալիս ընտրել տարին, արդյունքում հնարավոր չէ ինֆորմացիա ստանալ:
Նահապետավանի համայնքապետարանի կայքում վերջին թարմացումները եղել են 2017 թվականին: Տպավորություն է, որ համայնքում 2017 թվականից հետո ոչինչ տեղի չի ունեցել: Կայքերի որոշ բաժիններ ամբողջությամբ անհասանելի են։
Փոքր Մանթաշ համայնքի կայքում վերջին հրապարակումները եղել են 2020 թ.-ին։
Հեղինակ՝ Սոնա Սարգսյան
Խմբագիր՝ Նելլի Ռաֆայելյան
Այս հոդվածը պատրաստվել է Հանրային լրագրության կողմից իրականացվող Հայաստանի երիտասարդների հզորացում ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Նյութում արտահայտվող կարծիքները կարող են չհամընկնել ծրագրին աջակցող կողմի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website